ՈՒկրաինայի ղեկավարությունը, որը «նստած է ոսկե գիշերանոթի վրա», չի մտահոգվում սեփական ժողովրդի և զինվորների ճակատագրով՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: «Անցյալ տարվա մարտից ի վեր ՈՒկրաինայի ղեկավարությունը սոսկ իշխանությունը զավթած հանցավոր խմբավորում է։ Կիևի ռեժիմի էությունը պարզ է դարձել ՈՒկրաինայում կոռուպցիայի դեմ պայքարի հետաքննության արդյունքներից»,- ընդգծել է ՌԴ առաջնորդը:               
 

Ո՞րն է այն պնդման հիմքը, թե մեր պետական կյանքը վերելք է ապրում

Ո՞րն է այն պնդման հիմքը, թե մեր պետական կյանքը վերելք է ապրում
20.11.2025 | 18:11

Ինքնուրույն պետական կյանքի ստեղծումը մարդկային գործունեության մի տեսակ է, որը, մարդու գործունեության մյուս տեսակների նման, կախված է բազում հանգամանքներից և կարող է լինել իրականացնելի կամ անիրականացնելի։

Պարզ է, որ պետականաշինությունը շատ բարդ տեսակի մարդկային գործունեություն է, իսկ դրա իրագործելիության անալիզը (feasibility analysis)՝ շատ դժվար, մի անալիզ, որը պարտադիր կերպով ուղեկցում է բիզնեսների ու տարբեր բնույթի նախագծերի պլանավորմանը, քանի որ վերջիններս մարդկային գործունեության համեմատաբար ավելի պարզ տեսակ են։

Սակայն պետականաշինության նման բարդ գործի իրագործելիության անալիզը կարելի է ինչ-որ չափով շրջանցել՝ նմանատիպ անալիզի ենթարկելով դրա համեմատաբար ավելի պարզ բաղադրիչների իրական լինել-չլինելու հանգամանքը։

Ուրիշ խոսքով՝ քանի որ պետականաշինությունը, ըստ էության, հասարակական կյանքի որակի բարձրացման համակողմանի մեթոդ է, ապա դրա անալիզը կարելի է հանգեցնել հասարակական կյանքի ամենօրյա դժվարությունները հաղթահարելու մարդկանց ունակության անալիզին։

Մյուս կողմից էլ, ակնհայտ է, որ հասարակական կյանքի հետ առնչված բազմաթիվ բացասական կողմեր, որոնց հաղթահարումը պահանջում է ոչ մեծ չափի հավաքական կամ հանրային ու փոխադարձ համաձայնեցված մարդկային ջանք, մեզնում հանդիպում է անիմաստ ու աբսուրդ դժվարությունների։

Դրա հիմնական պատճառն այն է, որ դարավոր ոչ պետական կյանքը մարդկանց դարձրել է պարզունակ էգոիստներ, որոնց հույսը միայն իրենց վրա է եղել՝ առանց պետական աջակցության։

Այս իմաստով, եթե համեմատում ենք խորհրդային ժամանակներում մարդկանց կյանքը ներկա անկախության իմիտացիայի հետ, ապա պարզ է, որ, զրկված լինելով նախկինի նման ձրի կրթությունից, ձրի բժշկությունից և պետության կողմից տրվող հարյուր հազարավոր ձրի բնակարաններից, ինչպես նաև ունենալուվ շատ ավելի մեծ վտանգներով լի կյանք և կասկածելի ապագա, մեր մարդիկ բոլոր հիմքերն ունեն չհավատալու հասարակական կյանքի խոստացած և չբերած բարիքներին։

Եթե մարդը անձնական կյանքում զգա հասարակական կյանքի բերած բարիքները, ապա հասարակական գործերն ու պետականաշինությունը արագ ու զգալի առաջընթաց կունենան։

Իսկ նման առաջընթացն էլ պետք է հենվի մարդկանց հավատի ու գիտակցության վրա, որոնք էլ սիստեմատիկ հետընթաց են ապրում աճող տգիտության և նահանջող արդարության պայմաններում։

Եվ եթե պարզ ու մեր ուժերի սահմաններում գտնվող բաները չենք անում կամ էլ չենք ուզում ու չենք կարողանում անել, ապա ո՞րն է այն պնդման հիմքը, թե մեր պետական կյանքը վերելք է ապրում։

Առանց որևէ տեսակի ռացիոնալ հասարակական կյանքի՝ ի՞նչ պետականության մասին է խոսքը։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 822

Մեկնաբանություններ